Բաժին. Ֆինանսական

Berkshire Hathaway-ի զուտ շահույթը 8,6%-ով նվազել է

Ամերիկացի հայտնի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային ընկերության զուտ շահույթը ֆինանսական երրորդ եռամսյակի արդյունքներով գրանցել է 8,6% անկում:

Ընկերության հրապարակած հաղորդագրությունում ասվում է, որ հուլիս-սեպտեմբեր հատվածում զուտ շահույթի ծավալը կազմել է 4,617 մլրդ դոլար` 2013թ. նույն ժամանակահատվածում նկատված 5,053 մլրդ դոլարի նկատմամբ:

Ընդ որում, ներդրումային ընկերության օպերացիոն շահույթը արձանագրել է 29% աճ` հասնելով մինչև 4,724 մլրդ դոլար (մեկ տարի առաջվա 3,662 մլրդ դոլարի նկատմամբ):

Berkshire Hathaway-ի եկամուտների ծավալը հաշվետու շրջանում ավելացել է մինչև 51,199 մլրդ դոլար` 46,541 մլրդ դոլար կազմող նախորդ ցուցանիշի համեմատ:

Ներդրումային կորուստների չափը գնահատվել է 376 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել է 1,64 մլրդ դոլարի եկամուտ:

Բացասական արդյունքների հիմնական պատճառը եղել են Մեծ Բրիտանիայում Tesco Plc սննդի խոշորագույն սուպերմարկետների ցանցի բաժնետոմսերում կատարած ներդրումները: Նախորդ եռամսյակի ընթացքում Tesco-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 34%-ով:

Share