Բաժին. Ֆինանսական

40 դոլարից էժան նավթը կարող է իրականություն դառնալ

Փորձագետների գնահատականով` նավթի գների շարունակական անկումը կարող է խորանալ, և չի բացառվում, որ առաջիկայում «սև» ոսկու գինը 40 դոլարի սահմանից էլ իջնի: Արդյունքում` աշխարհը ականատես կլինի այն իրադարձությունների կրկնությանը, որոնք 30 տարի առաջ հանգեցրին մեքսիկական դեֆոլտին և վերջնականապես փլուզեցին Խորհրդային Միությունը:

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, այսպիսի պայմաններում նավթային եկամուտները չեն կարող պաշտպանել նավթի խոշորագույն արդյունահանողներից համարվող Ռուսաստանին` Եվրամիության և ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներից: Իրանը, որի նկատմամբ նույնպես սահմանված են պատժամիջոցներ, ստիպված է կրճատել սուբսիդիաների ծավալը:

Փորձագետների կանխատեսումներով` նավթի գների հետագա անկումից առավելագույնը կտուժեն Նիգերիան, որը հաջողությամբ պայքարում է իսլամիստ ծայրահեղականների դեմ և Վենեսուելան, որի տնտեսությունը քայքայվել է քաղաքական անհաջող որոշումների արդյունքում:

Իրականում, նավթարդյունահանող երկրները, որոնք սովոր էին «սև» ոսկու մեկ բարելի դիմաց 100 դոլար արժեքին, կամ չեն դիվերսիֆիկացրել իրենց տնտեսությունները կամ դա արել են շատ դանդաղ: Ցածր գների երկարատև պահպանման դեպքում` ոչ միայն այդ երկրներին, այլև ողջ աշխարհին է սպասվում քաղաքական և սոցիալական ճգնաժամ, եզրակացնում են փորձագետները:

Share