Բաժին. Ֆինանսական

Ներսես Երիցյան. ԿԲ-ն օգտագործում է բոլոր միջոցները դրամի փոխարժեքը կայունացնելու համար

Երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  ելույթ է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ներսես Երիցյանը նշել է, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին: Ցավոք, ձևավորված սպասումները այսօր հեռու են ՀՀ տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: Վերջին ԿԲ հայտարարությունները ուղղված էին դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձինք ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնենք շուկայի իրավիճակը: Գործի են դրվել ԿԲ տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն: 

Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմատության համար հարկավոր է նշել, որ ԿԲ պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին և այդ իմաստով որևիցե խնդիր չկա: 

Բացի այդ Երիցյանը նշել է, որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու ՀՀ քաղաքացիների պահանջները:

Ներսես Երիցյանի խոսքերով Կենտրոնական բանկի գնահատմամբ, գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահի զարգացումներով չի նկատվում, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում, որը մենք թվերով ասում ենք 4±1.5 տոկոսի շրջանակում: Այս տարվանը կլինի 4 տոկոսի շրջանակում, եկող տարի՝ 4±1.5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները և իրավիճակն արտարժութային շուկայում:

Share