Բաժին. Ֆինանսական

Գնային պատերազմների ֆոնին նավթի գինը հնարավոր է իջնի մինչև 40 դոլար

Գնային պատերազմների և ՕՊԵԿ-ի անդամ երկրների միջև սկիզբ առած տարաձայնությունների ֆոնին նավթի մեկ բարելի գինը հնարավոր է իջնի մինչև 40 դոլար, հայտարարել է Իրանի նավթի նախարարության գլխավոր վերլուծաբան Մոհամեդ Սադեղ Մեմարիանը:

Երեկ հայտնի դարձավ, որ ՕՊԵԿ-ի նավթարդյունահանող երկրորդ խոշոր երկիրը համարվող Իրաքը նվազեցրել է Ասիային, Միացյալ Նահանգներին ու Եվրոպային մատակարարվող նավթի գինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման քայլի էր գնացել նաև Սաուդյան Արաբիան

CMC Markets-ի ռազմավարության պատասխանատու Մայքլ Մաքքարտիի խոսքով` ՕՊԵԿ-ը կարծես մի ընտանիք լինի, որտեղ չկա համաձայնություն. ԱՄՆ-ում չեն պատրաստվում կրճատել արդյունահանման ծավալները, և մոտ ապագայում էլ աշխարհաքաղաքական հատուկ սրացումներ չեն նկատվում: Արդյունքում` այս ամենը նպաստում է նավթային շուկայի հետագա անկմանը:

Ընդ որում` երեկ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը վատթարացրել է 2015թ. նավթի գները: WTI տեսակի «սև ոսկու» միջին գինը 2015-ին կանխատեսվում է 62,75 դոլար մակարդակում, այլ ոչ թե 77,75 դոլար, ինչպես ակնկալվում էր նոյեմբերին: Իսկ Brent-ի մեկ բարելի գինը 83,42 դոլարի փոխարեն կանխատեսվում է ընդամենը 68,08 դոլար:

Share