Բաժին. Ֆինանսական

ՌԴ ԿԲ-ն անցնում է հիմնական տոկոսադրույքի ագրեսիվ բարձրացման

Դեվալվացիոն և ինֆլյացիոն ռիսկերն էապես սահմանափակելու նպատակով Ռուսաստանի կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել 2014թ. դեկտեմբերի 16-ից հիմնական տոկոսադրույքը 10,5%-ից մինչև 17% բարձրացնելու վերաբերյալ: Մասնագետների պնդմամբ` եթե գլխավոր կարգավորիչի այս քայլը չամրապնդի ռուբլու դիրքերը, ապա գոնե կկասեցնի դրա փլուզումը: Նկատենք, որ վերջին անգամ ՌԴ ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5 տոկոսային կետով բարձրացրել է 1998 թվականին:

Հարկ է նշել, որ նման մարտավարություն է կիրառել նաև Թուրքիայի Բանկը` ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու նպատակադրումով: Ընթացիկ տարեսկզբին թուրքական կարգավորիչը արտահերթ խորհրդակցության ընթացքում որոշել է բարձրացնել բոլոր հիմնական տոկոսադրույքները, չնայած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչած սուր քննադատություններին: Արդյունքում` թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ զգալի ամրապնդվել է: Այսպիսով, նման կոշտ միջոցառումները Թուրքիային հնարավորություն են տվել կանխել լիրայի արժեզրկումը: Որոշոմից միայն հինգ ամիս անց թուրքական ԿԲ-ն սկսել է տոկոսադրույքների աստիճանական նվազեցումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան ռուսական ռուբլին դոլարի ու եվրոյի նկատմամբ արժեզրկվել է միանգամից 9%-ով (մոտ 7 ռուբլի): Կենտրոնական բանկն ու Ֆինանսների նախարարությունը 10 միլիարդ դոլար են ներարկել շուկա, սակայն ապարդյուն: Իսկ ահա այսօր ՌԴ ԿԲ կայացրած որոշման ֆոնին` Երևանի ժամանակով 11:10-ի դրությամբ մոսկովյան բորսայում ռուսական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 3,24 ռուբլով և կազմել 61,2, իսկ եվրոյի նկատմամբ` 2,42 ռուբլով և կազմել 76,45 ռուբլի:

Share