Բաժին. Ֆինանսական

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Հայաստանի միջև ստորագրվել են համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:

Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներներ/արկղների, աղբավայ¬րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն:

Share