Բաժին. Ֆինանսական

S&P-ը ՌԴ վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի Դաշնության արտարժույթով կատարվող վարկային պարտավորությունների երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշները «BBB-/A-3»-ից նվազեցրել է մինչև «BB+/B» մակարդակ, ինչը համարվում է ոչ ներդրումային կամ սպեկուլյատիվ («աղբային»):

Գործակալության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ վարկանիշների կանխատեսումը «բացասական» է:

«Ռուսաստանի դրամավարկային քաղաքականության ճկունությունն ավելի սահմանափակ է դարձել, իսկ տնտեսական աճի հեռանկարները թուլացել են: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ մեծ է ռիսկը այն առումով, որ ՌԴ արտաքին և բյուջետային պահուստները արտաքին ճնշման ավելացման պայմաններում կնվազեն»,- նշված է S&P-ի տարածած հաղորդագրությունում:

Դրանից զատ, ազգային արժույթով կատարվող պարտավորությունների վարկանիշը «BBB/A-2»-ից նվազեցվել է մինչև «BBB-/A-3»:

ՌԴ վարկային վարկանիշների վերաբերյալ S&P-ի մյուս հրապարակումը նախատեսված է ընթացիկ տարվա ապրիլի 17-ին:

Share