Բաժին. Ֆինանսական

Վրացական լարին շարունակում է արժեզրկվել

Վրացական ազգային արժույթի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ ակտիվորեն նվազում է: Այս միտումը նկատվում է դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ից, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:

Եթե 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ (ըստ Վրաստանի ԿԲ սահմանած փոխարժեքի) 1 դոլարն արժեր 1,8821 լարի, ապա հունվարի 27-ի դրությամբ` արդեն 1,9962 լարի: Ընդ որում` նշվում է, որ բանկերում դոլարը վաճառվում է ավելի քան 2 լարիով: Նկատենք, որ 1 տարվա կտրվածքով լարին արժեզրկվել է մոտ 25 թեթրիով:

Վերջին անգամ վրացական արժույթը դոլարի նկատմամբ այսչափ արժեզրկվել է 2004թ. ապրիլի 30-ին:

Երեկ` հունվարի 26-ին Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ Վրաստանի կառավարությունն անում է ամեն ինչ` լարիի փոխարժեքը կայունացնելու համար: Խադուրիի մեկնաբանությամբ` լարիի արժեզրկումը պայմանավորված է համաշխարհային գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ: Երկրի ընդդիմադիր կուսակցությունն էլ հայտարարել է, որ լարիի փոխարժեքի անկումը Վրաստանի իշխանությունների վարած «սխալ տնտեսական քաղաքականության» և «կենտրոնական բանկի անգործության» արդյունքն է:

Փորձագետների դիտարկմամբ` մի երկրում, որտեղ արտահանման և ներմուծման միջև հաշվեկշիռն ավելի քան 50% է, ազգային արժույթիփոխարժեքի անկումը էապես կբարձրացնի սպառողական ապրանքների գները, ինչն էլ հասարակության մեջ խուճապային իրավիճակ կառաջացնի:

Share