Բաժին. Ֆինանսական

Պարտադիր փաստաթղթավորմանը վերաբերող դրույթի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Երեկ` փետրվարի 4-ին, խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը քննարկման առանցքում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը վերաբերող օրինագիծն էր: Պատգամավորները 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգեցին մինչև հուլիս 1-ը:

ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն խմբակցությունները ներկայացնող պատգամավորները ձեռնպահ են քվեարկել, քանի որ, նրանց մեկնաբանությամբ, այդ փոփոխությունն ընդամենը հետաձգմանն է վերաբերում: ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն քվեարկել են կողմ: Այսպիսով, օրենքի վիճահարույց դրույթի կիրառումը հետաձգվել է 6 ամսով:

Հիշեցնենք, որ օրենքի` մասնավորապես պարտադիր փաստաթղթավորմանը վերաբերող դրույթը հարուցել էր տնտեսավարողների դժգոհությունը: Ըստ նրանց` պետությունը ցանկանում է ստվերում գործող խոշոր իրավախախտներին բացահայտել ՓՄՁ-ների միջոցով:

Շրջանառության հարկի փոփոխությունները հասցրել էին բողոքի մեծ ալիք բարձրացնել: Ուժի մեջ մտնելու առաջին իսկ օրերից առևտրականների մի ստվար զանգված բողոքի ակցիաներով էր դիմավորել շրջանառության հարկի վերաբերյալ նոր փոփոխությունները: Կառավարության շենքի առջև, ինչպես նաև Գյումրիի շուկայի մերձակայքում և ՀՀ այլ քաղաքներում առևտրականները փոփոխված օրենքի` իրենց մերժումն էին փոխանցել գործադիրի ներկայացուցիչներին:

Share