Բաժին. Ֆինանսական

Շվեդիայի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է աննախադեպ ցածր մակարդակում

Շվեդիայի կենտրոնական բանկը՝ Riksbank-ը, նվազեցրել է վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը՝ 0%-ից հասցնելով ռեկորդային -0.1%-ի: Բացի այդ, բանկը գործարկել է նաև քանակական մեղմացման ծրագիր՝ տնտեսությունում կանխիկ փողը ավելացնելու նպատակով գնելով շուրջ 10 մլրդ կրոնի պետական պարտատոմսեր:   Riksbank-ը իր այս քայլերը պարզաբանել է  երկրում գնաճի՝ ոչ բավարար տեմպի ռիսկի առկայությամբ:  

Նշենք, որ Շվեդիայում վերջին 12 ամսվա ընթացքում գներն աճել են միայն մեկ անգամ: Տարեկան գնաճը հունվարին կազմել է -0.3%:

2010թ.-ից ի վեր առաջին անգամ շվեդական կրոնը հասել է իր ամենացածր մակարդակին: Riksbank-ի կառավարիչ Ստեֆան Ինգվեսը հայտնել է, որ բանկը պատրաստ է տոկոսադրույքների հետագա նվազեցմանը: Եթե ավելին անելու կարիք լինի, ապա բանկր պատրաստ է ընդլայնել իր խթանող դրամավարկային քաղաքականությունը:

Բանկը նաև հայտարարել է, որ ակնկալում է համաշխարհային տնտեսական վերականգնման շարունակումը, բայց ավելի դանդաղ տեմպերով: Ընթացիկ տարվա համար սպասվում է Շվեդիայի տնտեսության 2% աճ: Դա կլինի նավթի ցածր գների, կրոնի թույլ դիրքի և տոկոսադրույքների ցածր մակարդակի արդյունք:

Share