Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կառավարություն. Կկանոնակարգվի ԵՏՄ-ից ներմուծվող դեղերի շրջանառությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը: Վարչապետի խոսքով, հարցն արծարծվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից», – հավելել է վարչապետը:

Share