Բաժին. Ֆինանսական

Բանկերի հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգում փոփոխություններ է կատարվել

ՀՀ Կենտրոնական Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը:

Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն միջազգային ֆինանսական կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափով, վերանայվել է բանկի կողմից թողարկված պարտատոմսերով ներգրավված միջոցների պահուստավորման կարգը` առավել արտոնյալ պայմաններ սահմանելով միջազգային բորսաներում ցուցակված պարտատոմսերի դեպքում: Կապիտալի համարժեքության նորմատիվի տեսանկյունից սահմանվել է ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները արտաքին վարկանիշերի առկայության դեպքում նվազեցված ռիսկի կշիռներով կշռելու հնարավորություն:

ԿԲ կողմից «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում կատարված փոփոխությունները խթաններ կստեղծեն բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավման համար` ընդլայնելով վարկավորման հնարավորությունները:

Share