Բաժին. Ֆինանսական

Ճապոնացիների կարողությունն ավելացել է ռեկորդային չափերով

Ճապոնիայի բնակիչների համախառն կարողությունը դեկտեմբեր ամսին կազմել է 14 տրլն ԱՄՆ դոլար` ինչը նմանատիպ վիճակագրության անցկացման պատմության մեջ համարվում է ռեկորդային ցուցանիշ:

Ծագող արևի երկրի կենտրոնական բանկի տվյալներով` մեկ տարում այդ ցուցանիշն աճել է 3%-ով: Մասնավորապես` կանխիկ և դեպոզիտային միջոցներն աճել են 1,9%-ով` մինչև 7,3 տրլն ԱՄՆ դոլար: Ներդրումային հիմնադրամների ծավալն ավելացել  է միանգամից 17,1%-ով` մինչև 758 մլրդ ԱՄՆ դոլար:

Փորձագետների դիտարկմամբ` աճը նախևառաջ պայմանավորված է Սինձո Աբեի ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականությամբ, որը Ճապոնիայում անվանում են «աբենոմիկա»:

2013-ի սկզբին Ճապոնիայի բանկը սկսեց իրականացնել պետական պարտատոմսերի և այլ արժեթղթերի աննախադեպ գնումներ` դրանով իսկ խոշոր միջոցներ ներարկելով երկրի տնտեսությունում` դրամական բազայի ծավալի բարձրացման և սղաճի մակարդակը մինչև թիրախային 2%-ին հասցնելու նպատակադրումով: Սա էլ իր հերթին աշխուժացրեց կոնյունկտուրան` խթանելով ներդրումների և բնակչության եկամուտների աճը:

Share