Բաժին. Ֆինանսական

ԵՄ-ը Հունաստանին լրացուցիչ 2 մլրդ եվրո կհատկացնի

Տնտեսական խոր ճգնաժամ ապրող Հունաստանը կարող է Եվրամիության դրամարկղից ևս երկու միլիարդ եվրոյի օգնություն ստանալու հույսեր ունենալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Այդ միջոցները դուրս կբերվեն եվրոպական և ենթակառուցվածքային հիմնադրամների չօգտագործված պաշարների հաշվին, բացատրել է ԵՀ նախագահը: Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե վերաբերում է Հունաստանի «գանձարանը լցնելուն», այլ Աթենքին աջակցելուն, որպեսզի ապահովվի տնտեսական աճ և լուծվեն սոցիալական բարեկեցության մի շարք խնդիրներ:

Ենթադրվում է, որ այդ միջոցները կուղղորդվեն երիտասարդության շրջանում տագնապահարույց թվերի հասնող գործազրկության դեմ պայքարին, ինչպես նաև մանր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված խթանիչ աշխատանքներին:

Ընդ որում` Բրյուսելում արդեն ձևավորվել է փորձագետների խումբ, որը Հունաստանին կօգնի արդյունավետ օգտագործել եվրոպական հիմնադրամների տրամադրած միջոցները:

Share