Բաժին. Ֆինանսական

BlackBerry-ի զուտ վնասի չափը 19 անգամ նվազել է

Սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող կանադական BlackBerry ընկերությունը փետրվարի 28-ին ավարտված ֆինանսական չորրորդ եռամսյակի արդյունքներով ցուցադրել է 28 մլն դոլարի շահույթ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ BlackBerry-ն կրել էր 148 մլն դոլարի չափով վնաս:

Այդուհանդերձ, ընկերության եկամուտները հաշվետու եռամսյակում 793 մլն դոլարից կրճատվել են մինչև 660 մլն դոլար, ինչը վերջին 8 տարում արձանագրված նվազագույն ցուցանիշն է: Շուկայի փորձագետներն ակնկալում էին միջինը 786,4 մլն դոլարի եկամուտ: Միևնույն ժամանակ` ճշտված զուտ շահույթի չափը կազմել է 20 մլն դոլար:

Ողջ ֆինանսական տարվա ընթացքում BlackBerry-ն ստացել է 3,3 մլրդ դոլարի եկամուտ, ինչը կրկնակի պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Զուտ վնասի չափը, սակայն, նվազել է 19 անգամ` այս անգամ կազմելով 304 մլն դոլար:

Չորրորդ եռամսյակում BlackBerry-ի եկամուտների 46,8%-ը ապահովել են ծառայությունները: Սմարթֆոնների վաճառքից ստացվել է եկամուտների 41,5%-ը: Կտրուկ աճել են ծրագրային ապահովման լուծումների վաճառքները` հասնելով 67 մլն դոլարի (+20%):

BlackBerry-ի սմարթֆոնների նկատմամբ պահանջարկը շարունակում է նվազել: 2014թ. դեկտեմբերից մինչև ընթացիկ տարվա փետրվարն ընկած ժամանակահատվածում աշխարհում իրացվել է 1,6 մլն միավոր BlackBerry սմարթֆոն, որոնց միջին գինը կազմում է 211 դոլար: Նկատենք, որ մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 3,4 մլն միավոր:

Ներկայում սմարթֆոնների համաշխարհային վաճառքում կանադական ընկերության մասնաբաժինը կազմում է հազիվ 1%, մինչդեռ 2008-ին այն հավասար էր 20%-ի:

Share