Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկում կայացել է հանդիպում Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակության հետ

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակությանը՝ Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տնօրեն պարոն Տոմաշ Տելմայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը, նախկին տնօրեն Թոմաս Լյուբեկը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին և այլոք:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի 20-ամյա գործունեությունը մեր երկրում՝ հատկապես մատնանշելով տնտեսության ճյուղերի՝ մասնավորապես ֆինանսական հատվածի զարգացմանը միտված ծրագրերում կորպորացիայի արդյունավետ ներգրավվածությունը:        ԿԲ նախագահն առանձնացրել է Թոմաս Լյուբեկի անձնական ներդրումն ու շնորհակալություն հայտնել նրան՝ պաշտոնավարման ընթացքում երկու կառույցների միջև փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրեն պարոն Յան Վան Բիլսենի հետ կշարունակվեն հարաբերությունների խորացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Տոմաշ Տելման իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստանում կորպորացիայի ծավալած գործունեությունից՝ հատկապես ֆինանսական շուկայում և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ նոր տարածաշրջանային տնօրենն իր հերթին կշարունակի սերտ համագործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ համատեղ նոր ծրագրերին օժանդակելու ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները, հեռանկարները և այն նախաձեռնությունները, որոնցում ակնկալվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությունը:  

Share