Բաժին. Ֆինանսական

Western Union-ը ցանկանում է գնել MoneyGram-ը. արդյոք Moneygram-ը կշարունակի գործել Հայաստանում

Դրամական փոխանցումների համաշխարհային առաջատար Western Union համակարգը բանակցում է իր մրցակիցներից մեկի կլանման ուղղությամբ: Խոսքը գնում է Moneygram համակարգը ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Moneygram-ը գնահատվում է 415 մլն դոլար: Նշենք, որ ընկերության պարտքերի ծավալը հասնում է 960 մլն դոլարի: 2015թ.-ի առաջին եռմասյակում Moneygram-ի վնասը կազմել է 72 մլն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 39 մլն դոլար շահույթի դիմաց:

Western Union-ի կապիտալիզացիան այս պահի դրությամբ կազմում է 11 մլրդ դոլար: Moneygram-ի ներկայիս սեփականատերերն են Thomas H. Lee Partners ընկերությունը և Goldman Sachs բանկը, որոնք համակարգը 2008թ.-ին գնել են 1.65 մլրդ դոլարով:

Հայաստանի բանկային համակարգի համար սույն լուրը կարևոր է նրանով, որ 2008թ.-ից Հայաստանում արգելված է Western Union-ի գործունեությունը, միևնույն ժամանակ MoneyGram-ը գործում է Հայաստանում: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ-ի կողմից Western Union-ի գործունեությունն արգելվեց այն բանից հետո, երբ վճարային համակարգը ենթարկվեց ադրբեջանական շանտաժին ու դադարեցրեց իր գործունեություն ԼՂՀ-ում: Հարց է ծագում, եթե կլանման գործարքը կայանա, արդյո՞ք MoneyGram-ը կշարունակի գործել Հայաստանի Հանրապետությունում:

Share