Բաժին. Ֆինանսական

Շարունակվում է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվող մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի կարևորագույն բաղադրիչի՝ դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների մեկնարկի միջոցառմանը: Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը վստահելի և լուրջ գործընկեր է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի համար, և համոզմունք է հայտնել, որ երկուստեք ծրագրերը կշարունակվեն առաջիկայում ևս ու կընդգրկեն քաղաքային տնտեսության այլ ոլորտներ:

«Մեզ համար իրականում ամենաառաջնահերթ խնդիրը Երևանի մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի ապահովումն է: ՎԶԵԲ-ի հետ այս տարիների ընթացքում իրականացվող համագործակցության ծրագրերը ծառայել են հենց այդ նպատակին և երկրորդ փուլի այս բաղադրիչը նույնպես անչափ կարևոր է ու առաջին հերթին ապահովելու է մեր բնակիչների անվտանգ երթևեկությունը: Մենք միշտ բարձր ենք գնահատել գործընկերային մեր հարաբերությունների որակը, և համատեղ իրականացվող ծրագրերը միշտ աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ, ինչն իր հերթին նպաստել է գործընկերային հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այսօր էլ մենք ստորագրեցինք Երևանի քաղաքային լուսավորության պիլոտային ծրագրի վարկային համաձայնագիրը, որի շրջանակում համագործակցությունը նույնպես, վստահ եմ, կլինի արդյունավետ: Հաշվի առնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցելու առկա մեծ դաշտը, նաև համոզված եմ, որ մեր համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կամրապնդվի»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին էլ իր հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը քաղաքային տնտեսության այլ ոլորտներում ևս:

«Մեզ համար իսկապես մեծ պատիվ է համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, և մենք անչափ կարևորում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը Երևանում իրականացվող տարբեր ծրագրերին: Այս տարիների ընթացքում մեր երկուստեք փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ ու հաջողված, և վստահ եմ, որ այն առաջիկայում կլինի շարունակական ու կընդլայնի փոխգործակցության շրջանակները»,- նշել է Սումա Չակրաբարտին:

Հարկ է նշել, որ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի նշված բաղադրիչի նպատակն է մետրոյի վազորդային թունելներ ներհոսող ստորգետնյա ջրերի զգալի նվազեցումը և դրանց ուղղորդումը դեպի Հրազդան գետ: Մետրոյի վազորդային թունելների հարևանությամբ գործող դրենաժային թունելը ձգվում է «Զորավար Անդրանիկ» կայարանից մինչև Հրազդան գետ՝ ջրթափ պորտալը: Այն պետք է երկարաձգվի գոյություն ունեցող դրենաժային թունելի արևելյան ճյուղի ծայրից մինչև մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հյուսիսային մասում գտնվող պոմպակայանը, որտեղ նկատվում է ստորգետնյա ջրերի ուժեղ հոսք: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող դրենաժային թունելի երկարացում մոտ 930 մ, մետրոյի վազորդային թունելներում դրենաժային միջոցառումներ, երեսարկի հետևի դատարկությունների լցոնում և չուգունե երեսարկի հակակոռոզիոն աշխատանքներ: Ծրագրի իրականացման ժամկետը` 24 ամիս:

Share