Բաժին. Ֆինանսական

Fitch-ն Ամերիաբանկին վարկանիշ է շնորհել

“Fitch” միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (B պլյուս) վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները: Այսպիսով` առաջին անգամ հայկական ընկրությանը տրվում է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է յուրաքանչյուր ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ: Նման վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և բանկի հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը,  Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում սակավաթիվ ընկերություններ ունեն միջազգային վարկանշային ընկերությունների կողմից ստացված վարկանիշ, իսկ մասնավորապես “Fitch” կազմակերպության վարկանիշ ունի միայն Ամերիաբանկը: Այն տրվել է` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ, մասնավորապես` բարձր մրցակցության պայմաններում ընկերության առաջատար դիրքը և մասնաբաժինը շուկայում, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների կայուն աճը, առևտրի ֆինանսավորման, ավանդների ցուցանիշները, վարկային պորտֆելի որակը, ակտիվների և կապիտալի շահութաբերության մակարդակը, ինչպես նաև մի շարք այլ ցուցանիշներ:

Վարկանիշի ստացումը վկայում է Ամերիաբանկի բաց ու թափանցիկ գործունեության մասին:

Նշենք, որ “Fitch” վարկանշային կազմակերպությունն աշխարհի 3 խոշոր վարկանշային ընկերություններից մեկն է, որը վարկանիշ է շնորհում պետություններին, միջազգային կառույցներին և տարբեր ոլորտի ընկերություններին ողջ աշխարհում: ԱՊՀ երկրների շարքում “Fitch”-ը վարկանիշ է սահմանել 116 ֆինանսական կազմակերպությունների և մի շարք այլ ընկերությունների համար:

Share