Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Հանրապետություն է այցելելու Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գնահատող փորձագետների խումբը

Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման նպատակով մայիսի 25-ից հունիսի 6-ը Հայաստան է այցելելու Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գնահատող փորձագետների խումբը՝ հանձնախմբի գլխավոր քարտուղար Ջոն Ռինգութի գլխավորությամբ:

5-րդ փուլի գնահատման ընթացքում առավելապես ուշադրության են արժանանալու ՖԱԹՖ-ի հանձնարարականների կիրառության արդյունավետության հետ կապված հարցերը: ՖԱԹՖ-ի հանձնարարականների արդյունավետ կիրառումը գնահատվելու է ՓԼ/ԱՖ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման առնչությամբ դեպքերի բացահայտման, միջազգային համագործակցության իրականացման, ֆինանսական և ոչ ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողության իրականացման, հաշվետվություն տրամադրող անձանց կողմից համապատասխան կանխարգելիչ միջոցառումների կիրառման և այլ տեսանկյուններից:

Այցի ընթացքում գնահատող խմբի անդամները հանդիպումներ և քննարկումներ կունենան «Հայաստանի Հանրապետության դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի  և վերջինիս կից աշխատանքային խմբի անդամների, կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ներգրավված իրավասու այլ պետական մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 5-րդ փուլում գնահատվող առաջին երկիր: 

Share