Բաժին. Ֆինանսական

ԿԲ. Հայաստանի բանկային համակարգը «ունակ է» դիմակայելու շոկային ռիսկերը

Կենտրոնական բանկի կողմից իրականացված սթրես-թեստերի արդյունքներով՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին իրացվելի և կապիտալացված՝ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար: Նման հայտարարությամբ այսօր՝ մայիսի 26-ին, հանդես է եկել ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության ևզարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսի ժամանակ Անդրանիկ Գրիգորյանը, ներկայացնելով 2014 թվականի Ֆինանսական կայունության հաշվետվությունը, ընդգծել է, որ 2014 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, իսկ բանկային համակարգի ռիսկերից էական տեղ է զբաղեցրել վարկային ռիսկը, որը շարունակում է գտնվել կառավարելի շրջանակում:

Անդրանիկ Գրիգորյանի դիտարկմամբ, մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում Հայաստանի համար շարունակում է արդիական մնալ հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը:

2014 թվականի ընթացքում ՀՀ տնտեսության և ֆինանսա­կան կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել  են, սակայն նկատվել է վերջիններիս ազդեցության աճ: Մասնավորապես, միջ­ազգային շուկաներում գունավոր մետաղների գների, Հայաստանի Հանրապետության կողմից արտահանվող հիմնական ապրանքատեսակների նկատմամբ  պահանջարկի, ինչպես նաև ՀՀ փոխանցվող մասնավոր տրանսֆերտների նվազումը նպաստել են ներքին տնտեսական աճի դանդաղ­մանը: Վերջինիս նվազումն առավել ընդգծված է դրսևորվել հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ բացասաբար ազդելով նաև տնային տնտեսությունների եկամուտների վրա: ՀՀ տնտեսական աճի տեմպի ցածր մակարդակը պայմանավորված է եղել շինարարության ճյուղի անկմամբ, արդյունաբերական ճյուղում աճի բացակայությամբ և մյուս ճյուղերի աճի տեմպերի դանդաղմամբ:   

ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղման և  մասնավոր տրանսֆերտների նվազման, ինչպես նաև նախորդող տարիներին վարկային պորտֆելի արագատեմպ աճի պայմաններում 2014 թվականին արձանագրվել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի աճ, որը, սակայն, գտնվում է համեմատաբար ցածր մակարդակում: 2014 թվականին անվանական ՀՆԱ-ի աճի նկատմամբ բանկայինհամակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշներն աճել են առաջանցիկ տեմպերով, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդության աճ: ՀՀ բանկայինհամակարգը 2014 թվականին ևս պահպանել է նվազագույն նորմատիվային պահանջներից բարձրկապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշներ՝ ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակում:

Ոչ բանկ ֆինանսական հաստատություններում ևս դիտարկվել է գործունեության ծավալային ընդլայնում, սակայն վերջիններիս մասնաբաժինը ֆինանսական համակարգում շարունակում է մնալ բավականին փոքր:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգում առկա ռիսկերը դրսևորել են աճի միտում, սակայն կառավարելի են,և ֆինանսական համակարգը ունակ է դիմակայելու տարբեր տիպի ցնցումներին:

Share