Բաժին. Ֆինանսական

2014թ.-ին դրամի փոխարժեքի տատանումներից վնաս է կրել 13 բանկ, օգուտ՝ 9 բանկ

2014 թվականին տարբեր արժույթների նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումների հետևանքով արտարժույթի վերագնահատման արդյունքում մեր երկրի բանկային համակարգն ունեցել է 3.9 մլրդ դրամ օգուտ, ընդ որում՝ արտարժույթի վերագնահատման արդյունքում վնաս է կրել 13 բանկ, իսկ օգուտ՝ 9 բանկ: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում արտարժույթի առուվաճառքի գործառնություններից բանկային համակարգն ապահովել է 18.2 մլրդ դրամ զուտ եկամուտ:

Տարվա ընթացքում տնտեսությանը տրամադրված վարկերում արտարժութային վարկերի տեսակարար կշիռն ավելացել է 3.7 տոկոսային կետով և կազմել 67.4%:

Արտարժութային ավանդների տեսակարար կշիռն ընդհանուր ավանդներում աճել է 1.7 տոկոսային կետով և կազմել 72.6%:

Արտարժութային ռիսկի գնահատման սթրես-թեստում դիտարկվող հնարավոր վատագույն սթրես-սցենարների դրսևորման դեպքում արտարժութային բաց դիրքի հետևանքով բանկերի հնարավոր կորուստները նշանակալի չեն, իսկ ֆինանսական կախոցելիության վրա դրանց ազդեցությունը թույլ է:

Share