Բաժին. Ֆինանսական

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ»-ի երկրների մաքսային մարմինների կոնֆերանսին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքում կայացել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումը կրող «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը նվիրված մաքսային մարմիների կոնֆերանսը, որին մասնակցել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Կոնֆերանսի նպատակն էր նպաստել «Մետաքսի ճանապարհի» երկայնքով տեղակայված երկրների մաքսային մարմինների միջև փոխշահավետ համագործակցությանը և համատեղ զարգացմանը, որի համար ՉԺՀ-ն պատրաստակամություն է հայտնել ներդնել իր կարողությունները:

Կոնֆերանսի մասնակից 64 երկրների և 8 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել նախագծերին՝ հնարավորինս լավ պայմաններ առաջարկելով այդ նոր աշխարհաքաղաքական միավորմանը մասնակից դառնալու նպատակով:

ՀՀ Նախագահի վերջերս ՉԺՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, գործող համաձայանագրի շրջանակներում, ՀՀ-ին ՉԺՀ կառավարության կողմից իրականացվող մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագրի առնչությամբ` ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպել է համապատասխան կազմակերպության ներկայացուցիչների հետ և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ՀՀ մաքսային զննման տեխնոլոգիաների ու սարքավորումների վերազինման ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նաև երկկողմանի հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Իրանի, Բելառուսի և Վրաստանի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկողմ հետքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Share