Բաժին. Ֆինանսական

ՖՆ ուսումնական կենտրոնում ներդրվել է հեռահար ուսուցման համակարգ

Ֆինանսների նախարարության բարեփոխումների կարևոր ուղղություններից է կադրային քաղաքականությունը: Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է նախարարության ուսումնական կենտրոնին: «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Մհեր Սահակյանի խոսքով` 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին կենտրոնը շարունակել է կատարել տարեկան ծրագրերով նախատեսված իր գործառույթները: «Այս տարվա ընթացքում ուսումնական կենտրոնում անցկացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել և դրանց ավարտին թեստավորում է հանձնել շուրջ 980 հարկային և մաքսային ծառայող (580 հարկային և 400 մաքսային): Ի դեպ, դասընթացների ավարտին անցկացվող թեստավորումների հանձնաժողովներն աշխատանքների բողոքարկման հայտեր չեն ստացել»,-տեղեկացրել է Մհեր Սահակյանը: Միաժամանակ 35 խմբերի համար կազմակերպվել են շուրջ 400 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացներ: Ուսումնական դասընթացներ կազմակերպվել են նաև հարկ վճարողների համար, որոնց մասնակցել է 113 հարկ վճարող: 2015թ. մայիսից կենտրոնում փորձնական ներդրվել է հեռահար ուսուցման համակարգը, ինչի շնորհիվ, ըստ Մհեր Սահակյանի, ուսումնական գործընթացները կազմակերպվում են առցանց՝ առանց աշխատակիցներին աշխատավայրից և աշխատանքից հեռացնելու: Իսկ դասընթացների մասին քաղաքացիները կարող են տեղեկանալ նաև նաև ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքէջից (www.mftc.am), ինչպես նաև կարող են առցանց ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ: Տարեցտարի ընդլայնվում է նաև միջազգային համագործակցությունն ինչպես Համաշխարհային մաքսային կազմակերպության, այնպես էլ տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ: Իսկ վերջերս կենտրոնի հրատարակչական մասը վերազինվել է նորագույն տպագրական սարքավորումներով, ինչը թույլ կտա ուսումնա-մեթոդական նյութերը, ամսագրերն ու այլ գրականություն տպագրել հենց տեղում և բավարարել համակարգի ներքին տպագրական պահանջները:

Ֆինանսների նախարարության ուսումնական գործընթացին նոր որակ կբերի Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որը շահագործման կհանձնվի 2015 թվականի 2-րդ կիսամյակում: Մեր երկրում աննախադեպ այս կենտրոնը բացառիկ կլինի նաև տարածաշրջանում: Միջազգային կարգավիճակ ստանալու դեպքում այն կրթօջախ կդառնա նաև այլ երկրների ոլորտի մասնագետների համար: Նախարարության ջանքերով ուսումնական գործընթացը կկազմակերպվի նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դիլիջանի ուսումնական կենտրոնում աշխատակիցներն առավել խորացված կրթություն կստանան: Այն մյուս կառույցներից կառանձնանա նրանով, որ համակարգի աշխատակիցները կկարողանան համատեղել մասնագիտական հմտությունների կատարելագործումը և հանգիստը` ընտանիքի անդամների հետ: «Դիլիջանի մասնաճյուղում նախատեսվում է անցկացնել հյուսիսային մարզերում իրենց աշխատանքային պարտականությունները կատարող հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստումները և ուսուցումները»,-նշել է ուսումնական կենտրոնի ղեկավարը: Բացի այդ, կենտրոնը կդառնա տարածաշրջանային ու միջազգային գիտաժողովների և բազմալեզու այլ միջոցառումների անցկացման նպատակահարմար վայր՝ ապահովված համաժամանակյա թարգմանությամբ և այլ տեխնիկական հնարավորություններով: Դիլիջանի ուսումնական կենտրոնի գործարկմամբ կամբողջացվի նախարարության եռաստիճան ուսուցման ծրագիրը:

Share