Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը հանդիպել է Ֆինանսական ներգրավվածության միության գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգին

Հունիսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI) գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել AFI-ի դերը ամբողջ աշխարհում ֆինանսական ներգրավվածության խթանման և զարգացման հարցում: Պարոն Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և AFI-ի միջև շարունակական գործակցությունը և շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը աջակցելու համար: Այդ գործակցության վերջին արդյունքը Ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակումն է, որը կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման համար:

Ֆինանսական ներգրավվածության միության գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգն իր հերթին գոհունակություն է հայտնել միության և ՀՀ ԿԲ-ի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ և կարևորել Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները:
 
Հիշեցնենք, որ Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։  ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում  է 2011 թ-ից:

Share