Բաժին. Ֆինանսական

Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգն արժանացել է Անգլիայի հարկային և մաքսային ծառայության բարձր գնահատականին

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման և շահագործման հայաստանյան փորձի փոխանակման նպատակով աշխատանքային այցով Հայաստանում էին Միացյալ Թագավորության հարկային և մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ: Դեռևս 2014-ին՝ «Ներեվրոպական հարկային համակարգերի միության» համաժողովին ներկայացված ՀՀ-ում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի վերաբերյալ զեկույցն անմիջապես հետաքրքրել էր համաժողովի մասնակիցներին, այդ թվում Միացյալ Թագավորության ներկայացուցիչների: Վերջիններիս կողմից իրականացվել էր մոնիթորինգ. նրանց գնահատականով` ՀՀ ֆինանսների նախարարության կողից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերը, հատկապես նոր սերնդի ՀԴՄ-ների էլեկտրոնային կառավարման համակարգը, առաջատարն է միջազգային հարթակում և այն կարող է ներդրվել նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին Անգլիան է: Բրիտանացի գործընկերներին մասնավորապես հետաքրքել էր, թե այսօր ՀՀ-ում ներդրված նոր սերնդի ՀԴՄ-ները ինչպես են ինտեգրվել բիզնեսի առօրյայում, ինչպես են փաստացի կիրառվում հարկ վճարողների կողմից, ինչպես է ՀԴՄ-ի միջոցով տպվում կտրոններ անկանխիկ վճարման դեպքում, ինչպես է կտրոնի վրա արտացոլվում կատարված մանրածախ առևտրի գործարքն ամբողջությամբ, երբ կտրոնում առկա է ապրանքների անվանումները, գները, քանակը, հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (եթե տվյալ ապրանքը հարկվում է ԱԱՀ-ով), ինչպես է ՀԴՄ-ներով տպվում հարկային հաշիվներ, ինչպես է կազմակերպվում վիճակախաղը (շահող կտրոն) հենց գնման պահին և այլն»,-տեղեկացրել է Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը: Ի դեպ, Անգլիայի աշխատանքային խումբը երևանյան մի շարք խանութներում հենց տեղում է համոզվել՝ ինչպես է գործնականում աշխատում Նոր սերնդի ՀԴՄ-ն: Բրիտանացի հյուրերի ներկայությամբ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով իրականացվել է ապրանքների գնման գործարք, որի վճարումը կատարվել է անկանխիկ եղանակով՝ պլաստիկ քարտի միջոցով: Տնտեսվարողների մոտ կատարվել է նաև «ԱԱՀ-ի վերադարձի» հաշվի դուրս գրում՝ նոր սերնդի ՀԴՄ-ի միջոցով: Այս հարկային հաշվի ձևը կիրառվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձնելու նպատակով:

Ներկայացվել է նաև նոր սերնդի ՀԴՄ-ների` այլ առևտրային (հաշվապահական) ծրագրերին ինտեգրման հնարավորությունը: «Հայկական» հաշվապահական ծրագիրի և ՀԴՄ ծրագրի ինտեգրման շնորհիվ հարկ վճարողը հնարավորություն ունի տրամադրել ապրանքներով ՀԴՄ կտրոններ ինչպես ՀԴՄ սարքի, այնպես էլ ընկերության առևտրային ծրագրի միջոցով: Այսինքն, Միքայել Փաշայանի խոսքով` անգլիացի գործընկերներին ներկայացվեց այն, որ մեր նոր սերնդի ՀԴՄ-ները՝ ամենը մեկում տերմինալներ են, որոնք ոչ միայն ապահովում են հարկային մարմնի պահանջները, այլև կարող են աշխատել որպես վճարային, ինչպես նաև նույնականացման քարտեր ընդունող սարք, դուրս գրել հարկային հաշիվներ և ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներ և ամբողջ գործընթացը կատարվում է առցանց եղանակով: «Իհարկե, մենք հպարտանում ենք, որ լինելով փոքր երկիր` կարողացել ենք ներդնել այնպիսի էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնք հետաքրքրություն են առաջացնում աշխարհի ամենազարգացած երկրներում, որոնց առաջին շարքում է նաև Անգլիան: Մեր արդյունքն այն է, որ այսպիսի զարգացած երկրի հարկային մասնագետները բարձր գնահատականի են արժանացնում մեր համակարգերը»,-ընդգծել է Միքայել Փաշայանը: Միացյալ Թագավորության հարկային և մաքսային ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Սպեկսնիջերը նշել է, որ հետաքրքիր է մեր երկրում տեսնել էլեկտրոնային համակարգերի նոր տեխնոլոգիաների լավագույն փորձը. «Այսօր մեր գնահատականները հաստատում են` Հայաստանում ներդրված նոր սերնդի ՀԴՄ-ների էլեկտրոնային կառավարման համակարգը, կարելի է ասել՝ աշխարհում ամենառաջատարներից մեկն է: Մենք Հայաստանում սովորեցինք շատ նորույթներ. Միացյալ Թագավարությունում մեր գործընկերներին կներկայացնենք, թե ինչ համակարգեր են ներդրված Հայաստանում և ինչպես են դրանք աշխատում»:

Share