Բաժին. Ֆինանսական

Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների փորձագիտական խմբի աշխատանքները

Երևանում օգոստոսի 4-ից 8-ը ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների փորձագիտական խմբի աշխատանքային նիստը` Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության «Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի» զարգացման հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի խոսքով` ԼՏՕ ինստիտուտի ներդրման շնորհիվ մաքսային ծառայության չափորոշիչներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտները կստանան հատուկ կարգավիճակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն տնտեսվարողներին, ովքեր ունեն կայուն ապրանքաշրջանառություն, բավարար ֆինանսական միջոցներ, որոշակի ժամանակահատվածում չունեն մաքսային կանոնների խախտումներ, անթերի կատարել են մաքսային վճարների գծով պարտավորությունները և այլն: «Լիազորված տնտսական օպերատորի ինստիտուտի կիրառումը կնպաստի մաքսային մարմիններ-բիզնես փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,-ընդգծել է ֆինանսների փոխնախարարը: Մաքսային մարմիններում ընդգրկվելով հատուկ ռեեստրում՝ տնտեսվարողները կօգտվեն մի շարք արտոնություններից` մաքսային ձևակերպումների առաջնահերթ իրականացում, ապրանքների տեղափոխում սեփական պահեստ և այլն: ՀՀ ՖՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արթուր Հովսեփյանի տեղեկացմամբ`  հանդիպմանը մասնակից անդամ-պետությունների մաքսային ծառայությունների, այդ թվում ՀՀ մաքսային ծառայության կողմից ուսումնասիրվել է ԼՏՕ միջազգային առաջավոր փորձը, իրականացվել են համապատասխան վերլուծություններ, մշակվել է անհրաժեշտ գործողությունների ծրագիր` միջազգային լավագույն փորձը երկրի առանձնահատկություններին տեղայնացնելու նպատակով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրարկման պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Նեկրասովի խոսքով` ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկվում  են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նախագծի «Լիազորված տնտեսական օպերատոր» գլխի համապատասխան դրույթները: Աշխատանքային հանդիպման օրակարգում են մասնավորապես լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ չափորոշիչների, ԼՏՕ ռեեստրում ընդգրկվելու, ԼՏՕ-ի կողմից ներմուծվող և արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպումների առաջնահերթության սկզբունքով իրականացնելու կարգի, մաքսային հսկողության պարզեցված մեխանիզմների ընտրման սկզբունքների, ԼՏՕ-ների նկատմամբ հատուկ, պարզեցված ընթացակարգերի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքում ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների՝ ոչ ԵԱՏՄ անդամ-երկրների ԼՏՕ-ների՝ փոխադարձ սկզբունքով ճանաչման համար անհրաժեշտ նախապայմաններ ստեղծելու մեխանիզմներին:

Share