Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ չորրորդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2015թ. օգոստոսի 13-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 4-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընգրկվելով հիմնական Abond ցուցակում:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, մեկ տարի շրջանառության ժամկետով, լողացող տոկոսադրույքով պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB4 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB14UK0 ծածկագիրը:

Հիշեցնենք, որ այս թողարկումը ՎԶԵԲ-ի՝ լողացող տոկոսադրույքով պարտատոմսերի արդեն երկրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական Տնտեսական Համայնքի և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ միասին հիմնադրվել է 1990թ.-ի մայիսի 29-ին 40 երկրների կողմից կնքված Համաձայնագրով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1991թ. մարտի 28-ին, ՎԶԵԲ-ը սկսել է իր գործունեությունը 1991թ. ապրիլի 15-ին: ՎԶԵԲ-ը ներկայումս ունի 66 անդամ՝ ներառյալ Հայաստանը: Ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:

Share