Բաժին. Ֆինանսական

ԱԶԲ. 89.3 մլն դոլար Հայաստանի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 89.3 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ ուղղված սեյսմակայուն դպրոցների կառուցմանը և աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում բնական աղետներին արձագանքելու կարողության զարգացմանը:

«1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից ի վեր ՀՀ իշխանությունները բազում քայլեր են ձեռնարկել՝ ուղղված արտակարգ իրավիճակների կառավարման և արձագանքման համակարգերի մշակմանը, ինչպես նաև սեյսմակայուն ճարտարապետական նախագծման և շինարարության բարելավմանը»,- նշեց ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության քաղաքաշինության գլխավոր տնտեսագետ Յոնգ Յեն:

«Ծրագիրը կաջակցի կառավարության ընթացիկ ջանքերին վերակառուցելու և ամրացնելու դպրոցները՝ համապատասխանեցնելով դրանք սեյսմակայունության ավելի բարձր չափանիշների: Այն կօժանդակի կառավարությանը զարգացնելու սեյսմիկ ռիսկերը կառավարելու կարողությունն ու նախաձեռնությունները»,-ասաց պարոն Յեն:

Ներկայումս Հայաստանում գործող շուրջ 1400 դպրոցներից մոտ 1000-ը սեյսմիկ ամրացման և վերակառուցման կարիք ունի: Աշխատանքների գնահատված ծախսերը կազմում են մոտ 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

ԱԶԲ-ի տրամադրած վարկն ու դրամաշնորհը կաջակցեն առնվազն 46 առաջնահերթ դպրոցների: Տրամադրված միջոցները կօժանդակեն նաև համապատասխան դպրոցներում աղետներին նախապատրաստման և արձագանքման պլանների մշակմանը: Համայնքներում յուրաքանչյուր դպրոցի համար կկազմակերպվեն իրազեկման արշավներ սեյսմիկ իրավիճակներին արձագանքելու վերաբերյալ: 

Աջակցության այս ծրագրի համար հիմք է ծառայում ԱԶԲ-ի՝ աղետներին արձագանքման փորձը այլ երկրներում, այդ թվում 2015թ-ի Նեպալի երկրաշարժի ժամանակ: Ծրագրի շահառուներն են մոտ 58,700 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցի անձնակազմը, ինչպես նաև ընտրված դպրոցների հարակից համայնքների ավելի քան 87,000 բնակիչներ, ովքեր երկրաշարժի դեպքում կկարողանան օգտվել բարելավված  ժամանակավոր ապաստաններից:

ԱԶԲ-ի օժանդակությունը կազմում է 88.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ ԱԶԲ-ի արտոնյալ ֆոնդից և 800 000 ԱՄՆ դոլարի չափով տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Կառավարությունն իր կողմից կտրամադրի 18.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն: Ծրագրի տևողությունը 5 տարի է, ակնկալվող ավարտը 2020թ-ի նոյեմբերն է:

Սա ԱԶԲ-ի արդյունքների վրա հիմնված առաջին վարկավորումն է Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Վարկավորման այս նոր ձևը հաստատվել է ԱԶԲ-ի խորհրդի կողմից 2013թ-ին՝ նպաստելու հաշվետվողականության բարելավմանը, արդյունքների և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև բարելավելու պետական ոլորտային ծրագրերի արդյունավետությունը՝ դրանով խթանելով ինստիտուցիոնալ զարգացումն ու կառավարման արդյունավետությունը:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2014թ-ին ԱԶԲ-ի աջակցությունը կազմել է 22.9 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ 9.2 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորում:

Share