Բաժին. Ֆինանսական

ՖՆ պատվիրակությունը մասնակցել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 16-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 16-րդ նիստին: Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել 15-րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև՝ աշխատանքային խմբերի 2015 թվականի գործունեության արդյունքները՝ նախանշելով միջոցառումների առաջիկա ծրագիրը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքով ապրանքների տարանցման ժամանակ երաշխիքային մեխանիզմների զարգացման, մաքսային արժեքի վարչարարության արդյունքների միասնականության, մաքսային հսկողության, ԵԱՏՄ միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգման, ինչպես նաև միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ առևտրով ձեռք բերված ապրանքների մասին նախնական էլեկտրոնային տեղեկատվության տրամադրման հետ կապված հարցեր, ընդունվել են համապատասխան որոշումներ:

Share