Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 22-րդ նիստին

Շիմքենտում (Ղազախստան) կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) հերթական` 22-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՖՆ պատվիրակությունը` նախարարի տեղակալ Ա. Ալավերդյանի գլխավորությամբ:

Նիստի շրջանակներում քննարկվել են հարկային մարմինների համագործակցության առաջնահերթ հարցերը, մասնավորապես, ԱՊՀ անդամ-պետությունների ՀԾՂՀԽ-ի 2014-2015թ.թ. աշխատանքային ծրագրի կատարման արդյունքները, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, ինչպես նաև ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման ժամանակ հասույթի ամբողջական հաշվառման նկատմամբ հսկողության հետ կապված ԱՊՀ անդամ-պետությունների հարկային մարմինների փորձը, ԱՊՀ անդամ պետությունների հարկային համակարգերի աշխատանքների հիմնական ցուցանիշների, պետությունների տնտեսության վրա հարկային բեռի մակարդակի վերլուծությունը, ԱՊՀ անդամ պետություններում 2013-2014թ.թ. ՓՄՁ սուբյեկտների կողմից պարզեցված (հատուկ) հարկային ռեժիմների կիրառման վերլուծության արդյունքները, 2015թ. համար հարկերի և հարկման ոլորտում կադրերի որակավորման բարձրացման, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գծով ԱՊՀ անդամ-պետությունների Բազային կազմակերպությունների աշխատանքները: Ամփոփվել են նաև 2015-ին ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները: Խորհուրդը դիտարկել է նաև հարկ վճարողների հետ աշխատելու ժամանակակից մեթոդները:

Նիստի ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման վերաբերյալ շնորհանդեսով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Մ. Փաշայանը:

2015-2016թթ. ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների խորհրդի նախագահ է ընտրվել Ղազախստանի ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Երգոժինը:

Share