Բաժին. Ֆինանսական

Հայաստանն ու Լիտվան ստորագրել են արձանագրություն հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ընդունել է Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարը, ողջունելով հյուրերին, երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարևորել է հուսալի իրավապայմանագրային դաշտի առկայությունը. «Հուսով եմ, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի հարկային ոլորտում հայ-լիտվական կապերի հետագա խորացմանը»: Ֆինանսների նախարարը լիտվացի գործընկերներին ներկայացրել է նաև Հայաստանի հարկային համակարգի վերջին տարիների բարեփոխումների ընթացքը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջև հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրություն: Փաստաթղթով կանոնակարգվում են երկու երկրների իրավասու մարմինների միջև հարկային տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունը, ինչպես նաև տեղեկությունների ավտոմատ փոխանակումը հարկային կարգապահության մոտեցումներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը:

Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության պետ Դաինորաս Բրադաուսկասը, ընդգծելով Հայաստանի հետ հարկային համագործակցության շարունակական զարգացումը, կարևորել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումը. «Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի Լիտվայի և Հայաստանի միջև հարկային տեղեկատվության փոխանակման ոլորտում»: ՀՀ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանն անդրադարձել է տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման ուղղությամբ Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքին. «Սա առաջին քայլն է Եվրամիության զարգացած երկրների էլեկտրոնային կառավարման համակարգերին ինտեգրվելու ուղղությամբ: Կարծում եմ, փաստաթուղթը կխթանի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը»:

Share