Բաժին. Ֆինանսական

ՎիվաՍել-ՄՏՍ․ անվճար կրթություն՝ ավելի քան 700 ուսանողի համար

Խոցելի խմբի ուսանողները հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են հայտնվել 2011 թվականից: «Կրթական հիմնադրամ» նախագծի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորող՝ հատուկ կարիքներով, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները: Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ:

Հաղթահարելով ընտանիքի սոցիալական բեռի հոգեբանական արգելքը՝ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ և ավարտել է բուհը՝ստանալով բակալավրի աստիճան:

«Կրթությանն աջակցությունը կարևոր և պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերություն՝ արդյունքը տեսնելու և գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը և այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը և լինել մրցունակ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու և զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը:

Share