Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ-ը հայտարարեց իր պարտատոմսերի առաջին թողարկման մասին

Այսօր, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարեց ընկերության պարտատոմսերի առաջիկա թողարկման մասին: Հատկանշական է, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որն իր ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:

Տեղեկացնենք, որ պարտատոմսերի թողարկումն իրականացվելու է երկու տրանշով: Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային պարբերական վճարումներով, 24 ամիս շրջանառության ժամկետով: Երկրորդ տրանշով կտեղաբաշխվի 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 ՀՀ դրամ ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով, եռամսյակային պարբերական վճարումներով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ խորհրդի նախագահ Էդուարդ Մարությանը՝ ներկայացնելով թողարկման նպատակները նշեց, որ ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն օգտագործվելու են ֆինանսական ծառայությունների ծավալների ավելացման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ:

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են նոյեմբերի 17-ին, իսկ որպես տեղաբաշխող հանդես է գալու «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը պարտատոմսերի ցուցակումից հետո կիրականացնի նաև շուկա ստեղծողի գործառույթներ:

Տեղբաշխվող պարտատոմսերի ազդագրին և թողարկման վերաբերյալ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքերում՝ www.globalcredit.am, www.renesa.am:

Share