Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ պարզաբանում մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի տեղեկատվության և դրա հիման վրա որոշ լրատվամիջոցներով հնչած եզրահանգումների կապակցությամբ` ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնումն իրականացվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` բանակցային ընթացակարգով` համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 619-Ն որոշման: Գնումների գործընթացը կազմակերպվել է` համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության: Գնման հրավերն ուղարկվել է երեք կազմակերպության: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ն:

ՀՀ ՖՆ Ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքի կառուցումն ի սկզբանե հետապնդել է կենտրոնը տարածաշրջանային ուսումնական հաստատության վերածելու նպատակ: Այն կոչված է ծառայելու ոչ միայն ՀՀ ՖՆ անձնակազմի վերապատրաստման միջոցառումներ անցկացնելուն, այլև միջազգային գիտաուսումնական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելուն: Դիլիջանի մասնաշենքը թույլ կտա Հայաստանին հրապուրիչ պայմաններ առաջարկել ոչ միայն հարկային և մաքսային ոլորտների, այլև առհասարակ հանրային ֆինանսների և մակրոտնտեսական զարգացման հարցերով մասնագիտացված միջազգային կազմակերպություններին` Համաշխարհային մաքսային կազմակերպությանը (WCO), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությանը (IOTA), ՀԲ-ին (WB), ԱՄՀ–ին (IMF), ԱՄՆ ՄԶԳ-ին (USAID) տարածաշրջանային միջոցառումները Հայաստանում կազմակերպելու համար:
Այդ պատճառով մասնաշենքի նյութատեխնիկական բազան ծրագրավորված է լավագույն միջազգային չափանիշներին համապատասխան: Կենտրոնը պետք է ապահովի միջազգային մակարդակի պայմաններ՝ անցկացվող միջոցառումների մասնակից միջազգային և օտարերկրյա փորձագետների և ղեկավարների աշխատանքի, կացարանի, սննդի և ժամանցի կազմակերպման համար: Եվ բնական է, որ կատարվող աշխատանքների որակի նկատմամբ ՀՀ ՖՆ կողմից ներկայացվում են խիստ պահանջներ:

Ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքի ներքին կառուցվածքի վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի կողմից տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այսպես՝ գիտակրթական միջոցառումների անցկացման համար Դիլիջանի մասնաշենքում առկա են ոչ թե չորս, այլ ութ տարբեր չափերի ուսումնական լսարաններ և դահլիճներ՝ նախատեսված տարբեր ձևաչափի միջոցառումների անցկացման համար (համաժողով, դասախոսություն, համակարգչային թեստավորում, քննարկումների սենյակ և այլն):

Դիլիջանում ուսումնական կենտրոնի գործունեությունը թույլ կտա կրճատել միջազգային և օտարերկրյա հաստատություններում հարկային, մաքսային և հանրային ֆինանսների այլ ոլորտներում ընդգրկված մասնագետների վերապատրաստման հետ կապված ՀՀ ՖՆ ծախսերը:

Ինչ վերաբերում է ծախսերի անարդյունավետ կառավարմանը, ապա նշենք, որ ուսումնական կենտրոնի շահագործումն իրականացվելու է ոչ թե ՀՀ ֆինանսների նախարարության, այլ համապատասխան մասնագիտացված ընկերության միջոցով: Հետևաբար, այդ ֆինանսական ներդրումները նպատակաուղղված են ապահովելու աշխատանքի և հանգստի այնպիսի պայմաններ, որոնք Դիլիջանի համալիրի հավատարմագրային կառավարումը ստանձնած մասնագիտացված ընկերությանը հնարավորություն կընձեռեն առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան վճարովի որակյալ ծառայություններ նաև այլ կազմակերպությունների: Դրա հաշվին կփոխհատուցվեն ուսումնական կենտրոնի պահպանման ծախսերը և կկրճատվեն պետական բյուջեից այդ նպատակով կատարվող հատկացումները:

Եվ վերջապես, հարկ է նշել, որ Դիլիջանում տարածաշրջանային ուսումնական կենտրոնի գործունեության նման եղանակով կազմակերպումը որոշակիորեն կնպաստի նաև Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը:

Իսկ, ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում հրապարակված ձեռք բերված ապրանքների գներին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մրցույթով հայտարարված, պայմանագրով ձեռք բերված և հրապարակումներում տեղ գտած ապրանքների նկարագրությունները տարբերվում են միմյանցից:

Share