Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա․ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին

2015թ.-ի նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարվեց  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկվել է 80.000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7.00% տարեկան տոկոսադրույքով, արժեկտրոնների եռամսյակային վճարումներով և 2 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է 25.11.2015-01.12.2015թթ. ընթացքում: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ պարտատոմսերը  ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»  ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի,  կնքել ռեպո գործարքներ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվող արժեթղթերին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի «Ֆինանսական գործիքներ» (http://www.nasdaqomx.am/am/instruments.htm) բաժնից:

Share