Բաժին. Ֆինանսական

Goldman Sachs բանկը 5 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ իշխանություններին

ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը հանդիսացող Goldman Sachs-ը հայտարարել է, որ ԱՄՆ կարգավորող մարմինների հետ համաձայնության է եկել 2005-2007թթ արժեթղթերի առ ու վաճառքի ընթացքում արձանագրված խախտումների համար փոխհատուցում վճարելու հարցում։ Պայմանավորվածության համաձայն բանկը կվճարի 5.06 մլրդ դոլար։ 5.06 մլրդ դոլարից 2.385 մլրդը կազմում է տուգանքը, ևս 875 մլն դոլար կվճարվի կանխիկ, մնացած 1.8 մլրդ դոլարը կվճարվի տրամադրվող հիպոտեքային վարկերի արտոնությունների տեսքով։

Հայտնվում է նաև, որ այս պայմանավորվածությունը չի ապահովում բանկին ԱՄՆ մարմինների կողմից նոր պահանջների ներկայացումից։ Հիշեցնենք, որ 2008-2009թթ ֆինանսական ճգնաժամի պատճառների հետաքննության շրջանակներում ԱՄՆ բանկերը երկրի կարգավորող մարմիններին վճարել են 100 մլրդ դոլարի տուգանքներ։ Տուգանքների ամենախոշոր ծավալը վճարվել է Bank of America-յի կողմից՝ 16.65 մլրդ դոլար, JP Morgan Chase-ը վճարել է 13 մլրդ դոլար։

Share