Բաժին. Ֆինանսական

Չինաստանից կապիտալի արտահոսքը հատել է 1 տրլն դոլարի սահմանը

2015թ․-ի արդյունքում Չինաստանից կապիտալի արտահոսքը կազմել է մեկ տրիլիոն դոլար։ Արտահոսքի հիմնական պատճառները յուանի փոխարժեքի, տնտեսական աճի տեմպերի և բորսաներում գրանցված անկումներն են։ 2014թ․-ին վերոնշյալ ցուցանիշը կազմել է 134.3 մլրդ դոլար։ Չինաստանում կապիտալի արտահոսքի ցուցանիշը հաշվարկվում է սկսած 2006թ․-ից և 2015թ․-ին գրանցվել է արտահոսքի ամենախոշոր ծավալը։

2015թ․-ի դեկտեմբերին կապիտալի արտահոսքի ցուցանիշը նոյեմբերի համեմատ աճել է 50 մլրդ դոլարով և կազմել 158.7 մլրդ դոլար։ Արտահոսքի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է սեպտեմբերին՝ 194.3 մլրդ դոլար։ Արտարժույթի շուկայի կարգավորման պետական ծառայությունից հայտնել են, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է և երկրի արժույթային պահուստները լիովին բավարարում են շուկան պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Չինաստանի արժույթային պահուստները կրճատվել են մոտ կես տրիլիոն դոլարով և կազմել 3.33 տրլն դոլար, իսկ այս տարի կրճատումն արդեն իսկ կազմել է 300 մլրդ դոլար։

Share