Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկն անդրադարձել է ՊրոԿրեդիտ բանկը փակելու և մարդկանց դուրս թողնելու վերաբերյալ հայտարարությանը

Ինեկոբանկ ՓԲԸ-ն տարածել է մամլո հաղորդագրություն, որտեղ որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր՝ պարզաբանում է ՀՀ Ազգային Ժողովում հնչած ՊրոԿրեդիտ բանկը փակելու և մարդկանց դուրս թողնելու վերաբերյալ հայտարարությունը: Բանկի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

2015թ. դեկտեմբեր ամսին Ինեկոբանկ ՓԲԸ-ն ձեռք է բերել ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի՝ ՊրոԿրեդիտ Միջազգային Հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այդ գործարքի հիմքում ընկած է եղել ոչ թե ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ կամ ՊրոԿրեդիտ միջազգային Հոլդինգի անկարողությունը համապատասխանելու ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված պահանջներին, այլ` շուկայական դիրքերի ամրապնդման և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման տեսլականը:

ՀՀ բանկային ոլորտի երկու խոշոր ներկայացուցիչների միավորման առաջին իսկ արդյունքը եղավ Միկրո և ՓՄՁ ոլորտում շուկայի բացարձակ առաջատարի դիրքը զբաղեցնելը, ինչը հիմք ստեղծեց մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավելու համար:

Միավորման գործարքի կայացման կարևոր նախադրյալներից էր երկու բանկերում կորպորատիվ կառավարման մշակույթների նմանությունը և արհեստավարժ թիմերի առկայությունը, որոնք, ըստ էության, կարելի է համարել Ինեկոբանկ ՓԲԸ կողմից ձեռք բերված ամենակարևոր ակտիվները:

Հարկ ենք համարում ընդգծել, որ բիզնես միջավայրում նմանատիպ գործարքներին հաջորդում են միավորվող ընկերությունների ինտեգրման գործընթացներ, մասնավորապես՝ ընկերությունների ռեսուրսների ինտեգրում՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալների մեծացումը և զարգացման հնարավորությունները:

Այդ գործընթացներն արդեն ընթանում են, և մենք վստահ ենք, որ դրանց ավարտին մենք կունենանք ավելի ուժեղ բանկ, որն իր էական ներդրումը կունենա ՀՀ տնտեսության զարգացման գործում:

Share