Բաժին. Ֆինանսական

Բյուջետային աջակցության վարկեր` ուղղված ֆինանսական և սոցիալական կայունության ապահովմանը

2015 թվականի ընթացքում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ ստորագրվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր, որոնք ուղղվելու են տնտեսության համար առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանը: Մասնավորապես բյուջետային գործընթացների աջակցման և խրախուսման նպատակով, ըստ Ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի, Համաշխարհային բանկի «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, 2015-ին ստորագրվել է «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: «Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում»,-նշել է Արմեն Մելկիկյանը: 2015-ին Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլարիչափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1 տոկոս, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը` արտոնյալ: Միջազգային համագործակցության վարչության պետի խոսքով` վարկային միջոցները կնպաստեն էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացմանը, բիզնեսի վարման պայմանների բարելավմանը, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Share