Բաժին. Ֆինանսական

Յունիբանկի բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ցուցակված արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 109,669,471 հատ բաժնետոմս (ISIN – AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:

Հիշեցնենք որ, «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով 2015թ.-ի դեկտեմբերի 18-24 իրականացրել էր բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հրապարակային տեղաբաշխում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որի ընթացքում կնքվել էր 186 գործարք և տեղաբաշխվել էր 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,454,668,330 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել էր 230 ՀՀ դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնում (http://www.nasdaqomx.am/am/instruments.htm):

Հիշեցնենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.unibank.am:

Share