Բաժին. Ֆինանսական

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցությունը և կարևորել կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԽ ակտիվ անդամներից է և բոլոր մակարդակներում մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Որպես ԵԽ հետ փոխգործակցության ևս մեկ հաջողված օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է Վենետիկի հանձնաժողովի ներգրավումը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին՝ Սահմանադրության հայեցակարգի և փոփոխությունների բուն տեքստի փորձաքննության միջոցով:

Գոհունակություն հայտնելով ՀՀ իշխանությունների և կառավարության հետ ԵԽ համագործակցության և ԵԽ մարմիններում Հայաստանի պատշաճ ներկայացվածության կապակցությամբ՝ տիկին Վուտովան նշել է, որ այն զարգացնելու լավ հնարավորություններ կան: ԵԽ գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել 2013 թ. Հայաստանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում: Նա ընդգծել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակի և ՀՀ տարբեր պետական ինստիտուտների հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները երկկողմ գործակցության կարևոր գործիք են համարել Հայաստան/Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրերը, որոնք շարունակական բնույթ ունեն (2009-2010 թթ., 2012-2014 թթ., 2015-2018 թթ.): Նշելով, որ ՀՀ շահառու գերատեսչությունները գոհ են 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի ընթացքից և արդյունքներից, ինչպես նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ աշխատանքից՝ վարչապետը կարևորել է համագործակցության շարունակականությունը երկուստեք առաջնահերթություն հռչակված ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, և ՀՀ քաղաքական համակարգն առավել բաց և ճկուն կդառնա: Նատալյա Վուտովան էլ ընդգծել է, որ ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման և օրենսդրության համապատասխանեցման գործընթացին:

Հանդիպմանն արծարծվել են ՀՀ Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Share