Բաժին. Ֆինանսական

ՎԶԵԲ․ հատուկ դասընթաց՝ էներգաարդյունավետության միջազգային փորձագետների մասնակցությամբ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում փոքր բիզնեսի ֆինանսավորման և զարգացման խմբի կողմից Երևանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում փետրվարի 29-ից  մարտի  4-ը կանցկացվի «Էներգաարդյունավետությունը արդյունաբերության մեջ» հնգօրյա դասընթաց (միջին մակարդակ)` նախատեսված ճարտարագետների և էներգաարդյունավետության խորհրդատուների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասընթացի նպատակն է զարգացնել տեղի խորհրդատուների կարողությունները՝ օգնելով կատարելագործել այս ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդատուներին արտադրական ու արդյունաբերական ՓՄՁ-ներին էներգախնայողության միջոցներ ընտրելու և ներդնելու վերաբերյալ առավել համարժեք ու գործուն լուծումներ առաջարկել:

Դասընթացն անդրադառնում է արտադրության բազմազան ճյուղերին, ներառյալ գյուղատնտեսությունը, ցեմենտի, սննդի, ապակու և թղթի արտադրությունը, և քննարկում է հետևյալ թեմաները.

– Արդյունաբերական միջավայրում Էներգահամակարգերի կիրառում
– Կլիմայական փոփոխություններին հարմարվողականություն և ջրային ռեսուրսների արդյունավետություն
– Արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության միջոցառումների իրականացում
– Էներգետիկ կառավարման համակարգեր, գոլորշու համակարգեր, ջերմության վերականգնում
– Էներգետիկ աուդիտի անցկացում.  մեթոդաբանություն, ընթացք և հաշվետվություն
– Կապիտալ ներդրումների գնահատում և ընտրված էներգաարդյունավերության միջոցների ծախս-եկամուտ վերլուծություն
– Խորհրդատվական գործընթացի հիմնական տարրեր և նախագծի ցիկլի կառավարում

Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան այցելելու տեղական արտադրական ՓՄՁ, գործնականում ծանոթանալ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին և պրակտիկ փորձ ձեռք բերել դասընթացի շրջանակում քննարկվող թեմաների վերաբերյալ: 

Դասընթացը կվարեն տեղի և արտերկրյա փորձառու մասնագետներ՝

Թոմաս Ֆիլիպուն, էներգետիկ փորձագետ LDK Consultants Engineers and Planners-ից, մասնագիտացած արտադրության էներգաարդյունավետության և գործարանների/շինությունների էներգակառավարման մեջ,

Աստղինե Փասոյանը, Էներգախնայողության հիմնադրամ (ESF)-ից, ԱՊՀ և  կենտրոնական-արևելյան Եվրոպայի երկրների էներգաարդյունավետության դաշտում 20-ից ավել տարիների խորհրդատվական պրակտիկա ունեցող փորձագետ,

Մագդալինի Կոսսիդան, SEVEN Engineering Consultants ինժեներական, խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխությունների և հարմարվողականության, ջրի արդյունավետության և ջրօգտագործման  ոլորտների փորձագետ, պետական և մասնավոր ոլորտներում բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման և  քաղաքականությունների խորհրդատու,

Կոնստանտինոս Թեոֆիլակտոսը,  Էներգետիկ խորհրդատու-փորձագետ Costas G. Theofylaktos ընկերությունից, մասնագիտացված  նորակառույց և առկա շենքերի, արդյունաբերական ծրագրերի Էներգախնայողության ուսումնասիրությունների և էներգակառավարման ոլորտներում:

Դասընթացը կանցկացվի անգլերեն և հայերեն լեզուներով` միաժամանակյա հայերեն թարգմանություն: Նյութերը կտրամադրվեն երկու լեզվով:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV knowhowarmenia@ebrd.com հասցեին մինչ 2016թ. փետրվարի 22-ը:  Հարցերի դեպքում զանգահարել՝ +37410 590901:

Տեղի խորհրդատուների կարողությունների զարգացումը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից՝ որպես ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող «Կլիմայի փոփոխության համար ֆինանսների և տեխնոլոգիայի փոխանցման ծրագրի» (FINTECC) մի մաս:

2003 թվականից ի վեր ավելի քան 5,3 միլիոն եվրո ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին և շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին:ՎԶԵԲ-ն, որը պատկանում է 64 պետությունների և երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը:

Share