Բաժին. Ֆինանսական

Հայկ Մնացականյան․ փոփոխություններն անհրաժեշտ են երկրի տնտեսության հետագա զարգացման համար

Ներկայացնում ենք «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։

-Ինչպե՞ս կգնահատեք ֆինանսների նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի տարանջատումը։

-Ցանկացած երեւույթ գնահատվում է իր արդյունավետությամբ: Այսինքն՝ թե՛ տարանջատման, թե՛ միացման մեջ խնդիր չեմ տեսնում, կարեւորն այն է, որ կատարվողը նպաստի տնտեսական արդյունավետության բարձրացմանը, հարկերի հավաքագրմանը, մյուս կողմից՝ ծախսային հոդվածների արդյունավետության բարձրացմանը:

Հետեւաբար գնահատական տալ, թե արդյունավետ են գործել, երբ եղել են միավորված, կամ պնդել հակառակը` կլինի սխալ: Տնտեսագետները երեւույթների արդյունավետությունը նախընտրում են գնահատել որոշակի ժամանակի ընթացքում:

Բայց այստեղ կա մեկ այլ հանգամանք. եթե անհրաժեշտ է հիմնական ուշադրությունը կենտրոնացնել բյուջեի հարկային մուտքերի ավելացման, հավաքագրման արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների վրա, ապա այդ պարագայում միգուցե ֆիննախի ու ՊԵԿ-ի միավորված մնալը համարվեր տեղին: Սակայն եթե արդեն իսկ մտածում ենք զարգացման կայուն մակարդակի ապահովման ուղղությամբ, ուրեմն տարանջատումը շատ ավելի արդյունավետ քայլ կարող է լինել:

-«Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության այս փուլում անհրաժեշտություն է առաջացել գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր». նախագահն այս կերպ մեկնաբանեց կատարվող փոփոխությունը, նաեւ շեշտեց կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարի կարեւորությունը եւ ՊԵԿ-ի աշխատակիցների առաջ խնդիր դրեց` գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցում ցուցաբերել:

-Այս բոլոր շեշտադրումները շատ կարեւոր են: Օրինակ, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը մեր տնտեսության զարգացման կարեւորագույն դրույթներից մեկն է: Իհարկե, չեմ խոսում կոռուպցիան ամբողջությամբ արմատախիլ անելու մասին, բայց առանց այդ խնդրի էական լուծման, այլեւս հնարավոր չէ, հետեւաբար դա անհրաժեշտություն է: Ու համոզված եմ, որ այդ երեւույթը էականորեն նվազեցվելու է մեզանում:

Տնտեսության զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը ազատ մրցակցային հարաբերությունների ստեղծումն է, ընդ որում, հավասար պայմաններում: Եվ նախագահի արած այդ շեշտադրումը շատ կարեւոր էր:

Ես կուզենայի հետեւյալն նկատառումը եւս ներկայացնել: Գործարարությամբ զբաղվողների նկատմամբ հավասար պայմանների ստեղծումը պետք է լինի ինչպես ռեսուրսների ձեռքբերման, այնպես էլ արդյունքի ստացման, իրացման ու տեղաբաշխման հարցերում:

Տեսեք, ռեսուրսների ձեռքբերման առումով, օրինակ, վարկավորման տեսանկյունից խոշոր եւ միջին տնտեսավարողներն ունեն վարկային ռեսուրսներից օտվելու հավասար հնարավորություն: Բարեբախտաբար մեր երկրում բանկային համակարգն այնքան զարգացած է, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ունի նման հնարավորություն:

Մյուսը արդյունքի ստացման, իրացման խնդիրն է: Սա արդեն կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Գործարարն իր ապրանքն իրացնելու համար, թե՛ հանրապետության ներսում, թե՛ դրսում, պետք է կատարի լրացուցիչ մեծ ծախսեր: Իսկ արտահանման պարագայում ծախսերը, իհարկե, ավելի մեծանում են:

Դա հանգեցնում է նրան, որ փոքրերը, չունենալով բավարար ռեսուրսներ, այլեւս չեն կարողանում դուրս գալ արտաքին շուկա: Այդ դեպքում նրանք պետք է կա՛մ միանան իրար` փորձելով խոշորանալ, կա՛մ դիմեն խոշորներին` օգնելու իրենց ապրանքը ներսում կամ դրսում իրացնելու համար:

Փակ է Հայաստան-Թուրքիա սահմանը, փակ է նաեւ Ադրբեջանի կողմից, այսինքն՝ այս երկու երկրների կողմից Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, Իրանը նոր է ազատվել պատժամիջոցներից, Լարսի ճանապարհը միակն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանին: Նման պայմաններում թե՛ ներկրողների, թե՛ արտահանողների համար բավական մեծ, լրացուցիչ ծախսեր են առաջանում, իսկ փոքր բիզնեսը դրան չի կարողանում դիմանալ:

-Կատարվող փոփոխությունները կարո՞ղ ենք մեկնաբանել որպես արտաքին տնտեսական մարտահրավերների դիմակայմանն ուղղված քայլեր:

-Այո, համաշխարհային զարգացումները՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով, նոր փուլ են թեւակոխել: Համաշխարհային շուկան հիմա անկման մեջ է: Զարգացած տարբեր խոշոր երկրներ կանգնել են տնտեսական բազմաթիվ խնդիրների առաջ` կապված ե՛ւ փախստակաների, ե՛ւ սիրիական պատերազմի հետ:

Հետեւաբար Հայաստանի տնտեսական ոլորտում կատարվող փոփոխությունները անհրաժեշտ պայման են երկրի տնտեսության հետագա կայուն զարգացման համար: Եթե այս փոփոխություններից հետ մնանք, ապա մեր երկիրը տնտեսական զարգացման առումով երկար ժամանակահատվածով հետ կընկնի: Պետք է մեկ, երկու արագ, կարեւոր քայլերով առաջ գնալ` համաշխարհային տնտեսական գործընթացների հունի մեջ մնալու համար: Ու մենք հիմա այդ քայլերն ենք տեսնում:

Հայաստանը գործում է ե՛ւ ԵԱՏՄ շրջանակներում, ե՛ւ ակտիվ հարաբերություններ ենք փորձում ձեւավորել Եվրոպական միության հետ: Նման բազմաուղեծրային համագործակցության, իրականացվող աշխատանքների պարագայում համոզված եմ, որ ճիշտ մոտեցում ցուցաբերվեց` կատարվեց մասնագիտացված ուղղությունների տարանջատում:

Share