Բաժին. Ֆինանսական

Սամվել Ճզմաչյան․ դրամի արժևորումը կապված է իրանցիների այցի և ԿԲ քաղաքականության հետ

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը չի բացառում, որ վերջին շրջանում արտարժույթի որոշակի անկումը Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկների շնորհիվ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում նա, սակայն, նկատեց, որ փոփոխություններն այնքան մեծ չեն, որ խոսենք, օրինակ, դոլարի խոշոր անկման մասին: «Մեր շուկան այնքան փոքր է, որ Նովրուզը Հայաստանում տոնելը կարող է բերել այդպիսի « փոփոխությունների: Ես համոզված եմ, որ դա իր ազդեցությունը միանշանակ թողնելու է: Մյուս կողմից` Կենտրոնական բանկի կողմից դեռևս 2015-ին տարվող դրամավարկային քաղաքականությունը բերեց նրան, որ դրամի առանձնակի անկում տեղի չունեցավ ողջ 2015-ին ու նաև այս տարվա ամիսներին, դեռ մի բան էլ դոլարի կուրսի անկում եղավ»,-ասաց Սամվել Ճզմաչյանը:

Անդրադառնալով հարցին` արդյոք զբոսաշրջիկների հոսքի դադարեցումից հետո դոլարը կրկին կթանկանա` Ճզմաչյանը նկատեց, որ դրամավարկային քաղաքականության արդյունքը միանգամից տեսանելի չի լինում, դրա համար որոշակի ժամանակ է պետք: Նա չբացառեց, որ ԿԲ նախորդ տարվա վարած քաղաքականության պտուղներն ենք այսօր քաղում, երբ դրամն արժևորվում է:

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց փաստին, որ տարածաշրջանում տարբեր երկրների արժույթների գերարժեզրկման պարագայում Հայաստանում դրամի մեծ անկում չնկատվեց, ինչն էլ, նրա խոսքով` հենց Կենտրոնական բանկի վարած ճիշտ քաղաքականության արդյունքն է:

Հայաստանում մարտի 25-ի դրությամբ դոլարի առքը միջինում կազմել է 479.90 դրամ, իսկ վաճառքը` 484.12 դրամ,  եվրոն միջինում գնվել է 533.39 դրամով, վաճառվել 543.39 դրամով, ռուբլու միջին առքը` 6.95 դրամ, վաճառքը` 7.25 դրամ:

Share