Բաժին. Ֆինանսական

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքները կսկսվեն եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում

Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն  ձյան և մերկասառույցի պայմաններում  հնարավոր չէր  իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ նախարարության պաշտոնատար անձինք և ճանապարհաշինարարները տեղում արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները՝  խցանումներ թույլ չտալու և երթևեկության ավտանգությունն ապահովելու համար։

Նախարարությունն արդեն իսկ ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ռազմավարական կարևոր  նշանակություն ունեցող Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում փոսալցման աշխատանքներն անմիջապես սկսելու համար։

Տեղեկացնենք նաև, որ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհը, որի մի մասն է կազմում Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ընդգրկված է ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության ապահովման 2016թ. ծրագրում։

Share