Բաժին. Ֆինանսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Ապրիլի 19-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն  հայտնելով տարիների ընթացքում մեր երկրին  ցուցաբերած մեծածավալ օժանդակության և օգնության համար` նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, հիմնարար բոլոր ուղղություններով կատարվող բարեփոխումները, տարբեր ոլորտներում նախատեսվող աճը, նաև խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը: Կարևորվել է ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում ստեղծված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհրդի կողմից տարվող աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար` դեսպան Միլսը նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը կարևոր գործընկեր է, որի հետ աշխատանքային լավ հարաբերությունները համագործակցության խորացման երաշխիք են:

– ԱՄՆ դեսպանատունը երկկողմ տնտեսական և կոմերցիոն կապերին զարկ տալու նպատակով սերտորեն ու արդյունավետ կերպով գործակցում է էկոնոմիկայի նախարարության հետ` վերջերս ձևավորված Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում: Մենք պատրաստ ենք նաև շարունակել մեր համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, բիզնեսի խթանման հարցերում ու կոռուպցիայի դեմ պայքարում, – նշել է դեսպան Միլսը, հետաքրքրվելով, թե ինչ աշխատանքներ են տարվում հակակոռուպցիոն մեխանիզմների և մրցակցային քաղաքականության մշակման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել մրցակցային օրենսդրության վերանայման գործընթացին, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված` հակակոռուպցիոն քաղաքականություն ձևավորելու նախարարության ստանձնած հանձնառությանը, կարևորելով բոլոր գործընթացներում բաց և թափանցիկ աշխատելաոճը:

-Կարծում եմ, ոլորտային, ներառյալ մրցակցային միջավայրին վերաբերող բարեփոխումները, արհեստավարժ մասնագետների կողմից ստեղծված փաստաթղթերով ու ձևակերպումներով, միայն առաջ կմղեն դրանց հաջող իրականացումը, – ասել է Արծվիկ Մինասյանը, նշելով կրթական ծրագրերի իրականացման և շարունակականության կարևորությունը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ինովացիոն ծրագրերի համատեղ իրագործման հնարավորությանը, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների և մի շարք այլ ոլոտներում փոխգործակցության խորացմանը: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցության զարգացման  ու  ամրապնդման պատրաստակամության հանձնառությունը:

Share