Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ․ Երևանում մեկնարկել է «ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքար» խորագրով միջազգային համաժողովը

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 26-28-ը Երևանում մեկնարկել է «ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքար» խորագրով միջազգային համաժողով: Հայաստանի հարկային ծառայությունն արդեն 6-րդ տարին է, ինչ միացել է IOTA-ին և արդեն 5-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Համաժողովի թեման շարունակում է արդիական լինել և առանձնահատուկ կարևորություն ունենալ հարկային մարմինների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ` եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարի վերջին զարգացումները, հիմնական մտահոգությունները, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև կնպաստի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը: ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարն առանձնակի կարևորություն է ստանում նաև տարբեր ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, Հայաստանի դեպքում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում: Ըստ Վախթանգ Միրումյանի, միջազգային պրակտիկայում ամենատարածվածն ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գերավճարներից ստացված խախտումներն են: Հաշվի առնելով վերջին տնտեսական զարգացումները՝ կարևորվում է ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարում հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համակարգի առկայությունը: ՊԵԿ նախագահի տեղակալի տեղեկացմամբ` վերջին տարիներին ՀՀ հարկային մարմնի կողմից իրականացված օրենսդրական և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել ԱԱՀ-ի խարդախությունների կանխմանը, անհրաժեշտ հսկողական գործիքների ներդրմանը, խախտումների դեպքերի նվազեցմանը: Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործման միջոցով. «Մեր կարծիքով` ունենք բավականին կայացած համակարգ, խոսքը էլեկտրոնային կառավարման համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս կառավարել ռիսկերը»: Հաշվի առնելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները` ՀՀ հարկային մարմինը շարունակում է կարևորել այս ոլորտում բոլոր անհրաժեշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի արդյունավետ պայքարել ԱԱՀ խախտումների դեմ: Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, IOTA ներկայացուցիչ Դևիդ Վուդսն ընդգծել է, որ Հայաստանը պայքարում է ԱԱՀ-ի կեղծիքների դեմ, հետևաբար եվրոպական փորձի համադրումը  կարող է նպաստել պայքարի մեթոդների կատարելագործմանը:

Share