Բաժին. Ֆինանսական

Moody's․ նեգատիվ կանխատեսումներ՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի պահուստների վերաբերյալ

Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը բացասական կանխատեսում է արել` Ադրբեջանի պարտքային պարտավորությունների էմիտենտի երկարաժամկետ եւ չապահովված առաջնային վարկանիշները հաստատելով Ba1 մակարդակի վրա: Գործակալությունը Ba1 մակարդակի վրա է հաստատել նաեւ «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ի պարտքային պարտավորությունների չապահովված առաջնային վարկանիշը, ինչպես նաեւ բացական կանխատեսելով եւ Ba1 եւ Ba2 մակարդակի վրա պահպանելով արտասահմանյան արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ եւ կարճաժամկետ արժեթղթերն ու դեպոզիտային վերին շեմը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Moody’s-ը նշում է, որ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (SOFAZ) ակտիվների դեռեւս առկա զգալի ծավալը (մոտ 33,6 մլրդ դոլար) օգնում է մեղմացնել տնտեսության վրա նավթի ցածր գների բացասական ազդեցությունը եւ ժամանակ է տալիս ադապտացվել նավթի ցածր գներին:

Moody`s-ը նշում է, որ նավթի գների անկման պատճառով SOFAZ-ի ակտիվները 2015 թվականին 9,5 տոկոսով կրճատվել են:

Միջազգային Fitch Ratings եւ Standart & Poor’s վարկանիշային գործակալություններն Ադրբեջանի երկարաժամկետ վարկանիշը արտասահմանյան եւ ազգային արտարժույթներով այս տարվա սկզբին «BBB-» սուվերեն մակարդակից իջեցրել են մինչեւ «BB+» «աղբային» մակարդակի:

Ադրբեջանի վարկային վարկանիշը փետրվարի սկզբին մեկ մակարդակով` ներդրումայինից ցածր` «Ba1» մակարդակի իջեցրել է նաեւ Mood`s վարկանիշային գործակալությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

Ըստ գործակալությունների` Ադրբեջանի վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել են երկրի իշխանությունների` ծախսերը եւ եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյուկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանիշային գործողություն առաջացնել:

Գործակալությունները կանխատեսել են նաեւ 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3,3 տոկոսով:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցրել է 2015 թվականին միջազգային աճուրդ հայտարարած գազային «Ումիդ», «Բաբեկ» գազային նախագծերը:

Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշը «աղբային»` BB+ մակարդակի իջեցնելուց հետո վարկային վարկանիշերի Standart & Poor`s ծառայությունը SOCAR-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը փետրվարի սկզբին BB մակարդակից իջեցրել է BB+` «կայուն» մակարդակի: 

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթային նախկին հսկայական եկամուտներից զրկված Ադրբեջանը ստիպված, նախորդ տարվա համեմատ, երկու անգամ կրճատել է 2016 թվականի իր պետբյուջեի ծավալը` զգալիորեն նվազեցնելով նաեւ զինված ուժերին հատկացումները:

«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ 2016 թվականի առաջին երկու ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով նվազել է:

«Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 45,5 տոկոսով փոքր է:

Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Share