Բաժին. Ֆինանսական

Վախթանգ Միրումյան․ ստվերի կրճատման հետևանքով ապրիլին ապահովվել է 100 միլիարդ դրամի հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է, թե ինչի հաշվին է հնարավոր եղել ապրիլին 100 միլիարդ դրամի հարկային եկամուտ ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ապրիլին Հայաստանում 100 միլիարդ դրամի հարկային եկամուտ է եղել, ինչն աննախադեպ է, Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ դա հնարավոր է դարձել խոշոր բիզնեսի հաշվին՝ հարկային վարչարարության շարունակական կատարելագործման, ստվերի կրճատման արդյունքում:

«Վերջին տարիներին ապրիլի  կտրվածքով այդքան հարկային եկամուտ չէր եղել: Այո, ապրիլին  պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 100 միլիարդ դրամ հարկային եկամուտներ, և վճարված գումարները հիմնականում հարկային վարչարարության շարունակական կատարելագործման արդյունք են հանդիսացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Միրումյանի հավաստմամբ՝ խոշոր բիզնեսի հաշվին է այդ հավաքագրումը եղել, քանի որ փոքր բիզնեսը չի կարող 100 միլիարդ դրամի հարկային եկամուտ  ապահովել: Հարցին, թե կարելի՞ է ասել, որ ստվերն է կրճատվել, Միրումյանը պատասխանեց. «Իհարկե, կարելի է ասել»: Նրա խոսքով՝ խոշոր ընկերությունների մոտ ստվերն է կրճատվել, ինչն էլ բերել է նման աննախադեպ հավաքագրումների, ճշգրտվել են նրանց հաշվարկները:

Հարցին, թե ո՞ր խոշոր ընկերություններն են դուրս բերվել ստվերից, Վախթանգ Միրումյանը դժվարացավ պատասխանել՝ ընդգծելով, որ անգիր բոլոր ընկերությունների անունները չի հիշում: Իսկ ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվել այն խոշոր ընկերությունների դեմ, որոնք գործել են ստվերում: Այս հարցին Միրումյանը պատասխանեց. «Համաձայն քրեական օրենսգրքի՝ քրեական գործ է հարուցվում այն դեպքում, երբ տնտեսավարողները հրաժարվում են վճարել պետությանը պատճառած վնասները: Այդ գումարները վճարվել են և քրեական գործերը կասեցվել են»:

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ միայն ապրիլ ամսին Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 100 միլիարդ դրամ հարկ, ինչն աննախադեպ է երկրի պատմության մեջ:

Share